Հայաստանում կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են (Տեսայութ)
Հայաստանն ու Ռուսաստանն ավարտել են Հայաստանում կենսալաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները: Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ հարցը քննարկվել է նաեւ առողջապահության նախարարությունների մակարդակով, Երեւան ռուս նախարարի այցի շրջանակում: Հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, փաստաթղթի նախագիծն ամեն երկրում միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Կողմերը հույս ունեն, որ մոտ ժամանակներս այն կստորագրվի: Ինչպես նշել է Լավրովը՝ հարցը վերաբերում է կենսաանվտանգության ոլորտում փոխգործակցությանը: Այդ համատեքստում նա հիշեցրել է Կոնվենցիայի գոյությունը, որի դեմ է ԱՄՆ-ը, վերջինս փորձում է վերահսկել լաբորատորիաները:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է լիարժեք փոխգործակցությանն ու տրանսպարենտությանը: Նրա խոսքով՝ բացի ստորագրումից, այն պետք է իրականացնել:
Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է հայկական կողմի համար կենսաանվտանգության կարեւորությունը: