Աղջիկներն ու տղաները մաթեմատիկայից միատեսակ ընդունակություններ ունեն. հետազոտություն
Աղջիկներն ու տղաները մաթեմատիկական խնդիրներ լուծելիս օգտվում են գլխուղեղի միեւնույն մեխանիզմներից եւ կառույցներից, եւ նրանց մոտ այս գիտության հանդեպ ընդունակությունները միատեսակ են: Նոր հետազոտությունը, որը հին սեքսիստական առասպելը հերքելու համար առաջին անգամ օգտագործել է գլխուղեղի վիզուալացումը, հրապարակվել է Science of Learning ամսագրում:
Անցյալում մի քանի հետազոտություններ արդեն պսակազերծել էին այն առասպելը, որ տղաներն ի բնե մաթեմատիկան ավելի լավ են հաղթահարում, քան աղջիկները: Սակայն այդ հետազոտությունները առավելապես հիմնված էին մաթեմատիկական թեստերի արդյունքների վերլուծության վրա: Իսկ հիմա գիտնականները որոշել են պարզել, թե մաթեմատիկական թեստեր լուծելիս ի՞նչ է տեղի ունենում ուղեղում, եւ արդյոք տարբեր սեռերի երեխաների մոտ գործարկվում է միեւնո՞ւյն նեյրոնային մեխանիզմը:
Այս հարցին պատասխանելու համար գիտնականները հետազոտել են 3-ից մինչեւ 10 տարեկան 104 երեխաների ուղեղը: Երեխաներին տրվել են կոգնիտիվ թեստեր, այնուհետեւ նրանք դիտել են մաթեմատիկայի գրավիչ դասերով տեսանյութեր: Նրանք միեւնույն ժամանակ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով սքանավորում են անցել:
Հեղինակների խոսքով՝ իրենք պարզել են, որ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս անկախ սեռից բոլոր երեխաների մոտ գործարկվել է գլխուղեղի միեւնույն ցանցը:
Այսպիսով, գիտնականները հանգել են եզրակացության, որ այն կարծրատիպերը, թե մաթեմատիկան աղջիկներն ավելի վատ են հաղթահարում, քան տղաները, հիմնավորված չեն: Սակայն հանրությունն ու մշակույթը աղջիկներին եւ կանանց մաթեմատիկայից եւ ճշգրիտ գիտություններից հետ են մղում: