Վրաստանում նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցերի հետեւանքով ձերբակալվել է 27 անձ
Թբիլիսիում և Բաթումիում «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ցույցերում ոստիկանները ձերբակալել են 27 մարդու, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Մի քանի հարյուր մարդ՝ տարբեր ուլտրաազգային խմբերի առաջնորդներ եւ հետեւորդներ նոյեմբերի 8-ին երեկոյան հավաքվել են «Ամիրանի» կինոթատրոնի մոտ՝ խափանելու համար «Իսկ հետո մենք պարեցինք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Վրացական պարի համույթի մենակատարների սիրավեպի մասին կինոնկարը նրանք որակում են «գեյ քարոզչություն»:
Պրեմիերայից մեկ ժամ առաջ արմատականները փորձել են «Ամիրանի» ներթափանցել ոստիկանական պատնեշը հաղթահարելով, որոնք դրվել էին Մերաբ Կոստավայի փողոցում: Նրանք իրավապահների վրա են նետել պիրոտեխնիկա եւ իրենց ագրեսիվ են պահել հանդիսատեսի հանդեպ, որը եկել էր ցուցադրությանը:
Բողոքի ակցիաներ են ընթացել Թբիլիսիի 4 այլ կինոթատրոններում եւս, ինչպես նաեւ Բաթումիի «Ապոլո» կինոթատրոնի մոտ: Եթե մայրաքաղաքում ուլտրազգայնականների եւ հոգեւորականության համեմատաբար փոքր խմբերի հանրահավաքները կրել են գերազանցապես խաղաղ բնույթ, ապա Բաթումիում բազմությունը փորձել է ներխուժել կինոթատրոն: Բոլոր ակցիաներն ավարտվել են կեսգիշերն անց:
Թբիլիսիում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 24 մարդ, Բաթումիում՝ 3: Նրանց մեղսագրվում է «մանր խուլիգանություն» եւ «ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելը», որոնք Վարչական իրավախախտումների օրենսգրքի հոդվածներ են:
Բողոքի երեկոն միայն վարչական ձերբակալություններով չի ավարտվել: Ծայրահեղ աջ խմբերի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված երկրի ՆԳՆ-ում 4 փաստով քննություն է սկսվել:
Թբիլիսիում Կոստավա փողոցում անկարգությունների ժամանակ տուժել են Վրաստանի ՆԳՆ 2 աշխատակիցներ: Նրանք հեսպիտալացվել են եւ ներկայումս շարունակում են համապատասխան բուժումը: Ոստիկանների վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել:
Վնասվել է մեքենա, որը ՆԳՆ հաշվեկշռում էր գրանցված: Այս դեպքը քննվում է Վրաստանի ՔՕ 187 հոդվածով՝ «գույքի վնասում կամ ոչնչացում»:
Շարունակվում է քննությունը՝ կապված «Ամիրանի» կինոթատրոնի մոտ քաղաքացիական ակտիվիստ Աննա Սուբելիանիի վրա հարձակման հետ:
«Բռնություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել նաեւ «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Բերձենիշվիլիի վրա հարձակման հետ կապված: