Դաշնակցության բողոքի ակցիաների և Արծվիկ Մինասյանին ՔԿ հրավիրելու միջև կապ կա. փորձագետ (Տեսանյութ)
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության բողոքի ակցիաների և Արծվիկ Մինասյանին Քննչական կոմիտե հրավիրելու միջեւ անուղղակի կապ կա: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Արծվիկ Մինասյանին հրավիրել են հին գործի հետ կապված, որին նա անմիջական կապ չունի, եւ խոսքը մեծ փողերի մասին չէ: Սակայն, չգիտես ինչու, նրան որոշել են հրավիրել հենց երեկ, երբ «Դաշնակցությունը» բողոքի ակցիա է անցկացրել: Չեմ կարծում, թե մեր երկրում հաճախ են նման համընկնումներ լինում»,- ասաց նա:
Նշենք, որ արդեն երկրորդ օրն՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակցում են նաեւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երեւան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ բնապահպանության եւ էկոնոմիկայի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը: