Հավաստիացում. Մեկ տարի հետո Հայաստանում «Ceramisia»-ի աշխատակիցների թիվը կարող է հասնել մինչեւ հազարի
«Multi Group» կոնցեռնի եւ իտալական կավե սպասք արտադրող «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում «Ceramisia» գործարանում աշխատողների թիվը կարող է հասնել 1000-ի: Այս մասին նոյեմբերի 7-ին գործարանի բացման արարողության ժամանակ ասաց «Multi Group» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը:
Նրա խոսքով՝ այսօր գործարանում աշխատում է 35 աշխատակից, որոնք վերաորակավորում են անցել Իտալիայում: Եվս 300-500 աշխատակիցներ պետք է փորձ ձեռք բերեն իտալական ընկերություններում եւ անցնեն աշխատանքի: «Վստահ եմ, որ մյուս տարի մեզ կհաջողվի աշխատակիցների թիվը հասցնել մինչեւ 1000-ի»,- նշեց նա: Առուստամյանը հավելեց, որ գործարանի արտադրանքը կիրացվի ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը, որը համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի մարդ, մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեության, հարկերի վճարումից խուսափելու եւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման նախագծի շրջանակում առանձնապես խոշոր չափի փողերի լվացման մեջ: