Հայոց պատմությունը և մշակույթը չի կարելի համեմատել որևէ պետության պատմության և մշակույթի հետ. Մանուել Մանուկյան
Հայոց պատմությունը և մշակույթը չի կարելի համեմատել որևէ պետության պատմության և մշակույթի հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ հիմնադիր Մանուել Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հայոց պատմությունը պարտադիր առարկա չհամարել եւ ասել, որ աշխարհի հետ պետք է համահունչ քայլենք՝ անընդունելի է։
«Հայոց պատմությունը միայն հայերի պատմությունը չէ, այլ համայն աշխարհի, համայն մարդկության պատմությունն է։ Հստակ գիտեմ, որ իշխանական համակարգերը հովանավորչություն են անում, Սորոսի գրասենյակներից տեղ չեն գնում եւ այս ամնեից օգտվում են թալանչի գող–ավազակներն ու ցեխ են շպրտում այս իշխանության վրա, ինչը չի բխում իշխանության շահերից։ Եթե իշխանությունը միտված է, որ մաքուր երկիր ունենա, պետք է համակարգից մաքրի այդ նախարարներին, պատգամավորներին, որոնք հովանավորություն են տալիս այդպիսի մարդկանց», ասաց Մանուկյանը։
Հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը Մանուկյանը պատասխանեց. «Բոլորը գիտեն այդ անունները, ճիշտն ասած բոլորի անուները չեմ հիշում, բայց օրինակ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեծ հովանավորություն է անում։ Պատգամավորներից էլ կան, դուք էլ գիտեք, անունները չեմ հիշում, արտաքինով էլ չեմ ուզում նկարագրել»։
Նրա խոսքով՝ նման քայլերով քայքայում են պետության հիմքերը եւ եթե իշխանությունը շարունակի նման գործելաոճը իրենք պատրաստ են փողոց դուրս գալ եւ բողոքի ակցիաներ իրականացնել։
«Վստահ եմ հայ ազգի արժանապատիվ տեսակի վրա, որ այս գաղափարի շուրջ՝ ազգային արժեքների պահպանման համար, մարդիկ պատրաստ են դուրս գալու եւ պայքարելու եւ որեւէ մեկը չի կարողանալու նրանց կանգնեցնել։ Երբ ես հեղափոխության եմ մասնակցել, ինձ չեն ներկայացրել, որ այլասերվածները պետք է գան պաշտոններ զբաղեցնեն, թող այն ժամանակ ասեին եւ ժողովուրդն ասեր՝ այո կամ ոչ»,– եզրափակեց Մանուկյանը։