Քոչարյանի և մյուսների դատավարությանը տուժած կողմի նոր ներկայացուցիչ է հայտնվել
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին հայտնվել է տուժած կողմի եւս մեկ ներկայացուցիչ:
Այսպես՝ Սուրեն Հովհաննիսյանը Մարինա Պողոսյանին ներգրավելու միջնորդություն ներկայացրեց, որն իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ է: Հարցը դարձավ կես ժամ տեւած մասնագիտական քննարկման թեմա:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը առարկություն ներկայացրեց՝ հիշեցնելով փաստաբանության մասին օրենքի 5-րդ հոդվածը: Ալումյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ անձին կարող են ներկայացնել փաստաբանները եւ այլ անձինք, ազգականները կամ իրավապաշտպանները: Բայց կան սահմանափակումներ՝ եթե ներկայացուցիչն արդեն ներգրավված է այլ գործերում: Փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ հայեցակարգը հստակ է՝ պաշտպանական գործունեություն կարող են իրականացնել միայն փաստաբանները: Որովհետեւ Սահմանադրությունը երաշխավորում է որակյալ իրավաբանական օգնություն: «Կասկածի չենթարկելով որեւէ մեկի գիտելիքները»,- հավելեց փաստաբանը:
Մարինա Պողոսյանը սկսեց պնդել, որ փաստաբանները ճիշտ չեն մեկնաբանում օրենքի դրույթները։ Ձեռքերը թափահարելու եւ իրեն ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալու պատճառով դատավորը ստիպված էր կարգի հրավիրել՝ սպառնալով զրկել խոսքի իրավունքից։ Միեւնույն ժամանակ, Պողոսյանը փաստաբաններին անվանում էր «ձախից նստածներ»՝ պնդելով, որ փաստաբանները չեն ցանկանում, որի ինքը մասնակցի անձնական նկատառումներով։
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց, որ քանի որ Սուրեն Հովհաննիսյանը ցանկանում է, որ նա մասնակցի, իսկ փաստաբանները համոզիչ փաստարկներ չներկայացրին, Պողոսյանը կարող է ներկայացնել Հովհաննիսյանի շահերը։