Հայաստանի վարչապետը Լեհաստան կայցելի հաջորդ տարի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լեհաստան սպասվում է հաջորդ տարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին նախատեսված այցը չի կայացել:
Դեսպանի խոսքով՝ այցը տեղի չի ունեցել այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր հանդիպել Լեհաստանի նախագահի հետ, բայց նա մայրաքաղաքից բացակայում էր:
«Հույս ունենք, որ այցը տեղի կունենա հաջորդ տարի: Ամեն ինչ կանենք, որ այցի շրջանակում տեղի ունենան հանդիպումներ երկրի կարեւորագույն գործիչների հետ: Եվ, իհարկե, Լեհաստանի նախագահի հետ»,- նշեց դեսպանը:
Դիվանագետը, սակայն, շարունակեց, որ անհրաժեշտ է այնպես անել, որ այցն ունենա տնտեսական բաղադրիչ, ինչի համար անհրաժեշտ է, որ մինչեւ այցը տեղի ունենա հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ: «Որպեսզի այն կայանա, Փաշինյանը պետք է նշանակի հայկական կողմից համանախագահի: Նա, հավանաբար, կլինի տնտեսական ոլորտի փոխնախարարներից մեկը»,- ենթադրեց դեսպանը: