Սիրիայում ձերբակալել են ալ Բաղդադիի քրոջը
Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քրոջը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին:
«Ռասմիա Ավադը ձերբակալվել է Ազազ բնակավայրի մոտակայքում: Մենք հույս ունենք ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ իմանալ ԻՊ ներքին գործունեության մասին»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան: ԻՊ պարագլխի քրոջը ներկայումս հարցաքննում են: Reuters-ի տեղեկություններով՝ նրա հետ միասին ձերբակալվել են նրա ամուսինն ու հարսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ԻՊ պարագլխի ոչնչացման մասին: Նրա խոսքով՝ ալ Բաղդադին ոչնչացվել էր Իդլիբ նահանգում հատուկ գործողության ընթացքում: Թրամփը գործողության անցկացմանն օժանդակելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ Թուրքիային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ իրենց տրամադրության տակ չունեն ալ Բաղդադիի ոչնչացման մասին հավաստի տեղեկություններ: Միջազգային հանրությունը ԻՊ պարագլխի ոչնչացումը համարել է կարեւոր, բայց ահաբեկչության դեմ պայքարում ոչ վճռորոշ քայլ՝ կոչ անելով այդ պայքարը շարունակել: