ՄԻՊ ռազմավարության նախագիծը քննարկել է նաև մարզերում
Արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022թ. գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու նպատակով ռազմավարական փաստաթղթերի շուրջ հանրային քննարկումների շարք է անցկացրել նաեւ ՀՀ մարզերում:
Արդարադատության նախարարության եւ Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով 2019 թվականի հոկտեմբերի 26-ին Գավառում եւ նոյեմբերի 2-ին՝ Վանաձորում կազմակերպվել են հանրային քննարկումներ, որին մասնակցել են հասարակական կազմակերպության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:
Հանդիպումների ընթացքում Նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության ներկայացուցիչները ներկայացրել են ռազմավարակական փաստաթղթերի բովանդակությունը, առանձնացրել հիմնական գերակայությունները եւ դրանց հասցեագրման մոտեցումները, անդրադարձել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված մշտադիտարկման մեխանիզմին: Այդ համատեքստում նախարարության ներկայացուցիչները կարեւորել են ռազմավարական փաստաթղթերի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվող Համակարգող խորհրդի գործունեությունը՝ շեշտելով Խորհրդում հասարակական կազմակերպությունների մասնակցության կարեւորությունը:
Հաջորդիվ, քննարկման մասնակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթերի նախագծով նախատեսված մի շարք կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերին:
Ամփոփելով հանդիպումները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման ընթացքում հնչեցված առաջարկությունները գրավոր ձեւով մինչեւ նոյեմբերի առաջին շաբաթը ներկայացնել Նախարարություն՝ հնարավորության դեպքում դրանք Նախագծերում ներառելու նպատակով: