Ծեծկռտուք և կրակոցներ Նոր Նորքում. բոլոր մասնակիցներին հայտնաբերել են. նրանցից երկուսը եղբայրներ են
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երեւանում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների փասով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21:50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում կրակոցներ են հնչել:
Ոստիկանները պարզել են, որ Հ. Ավետիսյան փողոցում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Հ.-ի, 27-ամյա Լեւոն Հ.-ի, 31-ամյա Գոռ Գ.-ի եւ այլ անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց եւ այդ պահին Դավիթ Հ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող գազային ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:
Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, հիվանդանոցային ոչ մի ահազանգ ոստիկանությունը չի ստացել ու, հավանաբար, կրակոցների հետեւանքով տուժածներ չկան: Նշված 3 անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել Նոր Նորքի ոստիկանություն, որտեղ հետաքննիչի որոշմամբ Դավիթ Հ.-ն ձերբակալվել է, իսկ Լեւոն Հ.-ն եւ Գոռ Գ.-ն բաց են թողնվել:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Դավիթ Հ.-ի հարազատի ընկերը նշված գազային ատրճանակը ներկայացրել է ոստիկանություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Դավիթ, Լեւոն Հ.-երը հարազատ եղբայրներ են: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: