Ինչո՞ւ է խոշոր հարկատուների շարքում «Գազպրոմ Արմենիան» զիջել իր դիրքերը
1000 խոշոր հարկատուների ցանկը վերլուծելիս չի կարելի վերցնել երկու համարժեք ժամանակահատվածների կոնկրետ հարկ վճարողի միայն վճարած հարկերի ցուցանիշների համադրության արդյունքում ինչ-որ դատողություն անել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հարցին, թե ինչու է այնպես ստացվել, որ խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիան» երկրորդ հորիզոնականից իջել է 3-րդ հորիզոնականը, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Որովհետեւ տնտեսվարող սուբյեկտը ունի իր բիզնեսի կազմակերպման եւ իրականացման նրբությունները: Կարող է նախորդ տարի իր բիզնեսում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ազդել են իր վճարած հարկերի վրա: Վճարած հարկերը հետեւանք են տնտեսական գործունեության:
Եթե ուզում եք վերլուծություն անել, տնտեսական գործունեությունը վերլուծեք, որի արդյունքում նոր հետեւություններ արեք վճարած հարկերի վերաբերյալ:
Ես չգիտեմ, թե ինչու են «Գազպրոմ Արմենիայի» հարկերը նվազել: Մենք նաեւ չունենք այդպիսի գործիքակազմ, որ իրենց ֆինանսական հիմնական ցուցանիշների նկատմամբ վերլուծություն անենք: Դուք վերցրեք իրենց տարեկան հաշվետվությունները, որոնք հրապարակված են»:
Դավիթ Անանյանը հավելեց, որ իրենք որոշակի վերլուծոթյուններ կատարում են, բայց դրանք կոնկրետ հարկատուների վարքագծով պայմանավորված անուղղակի լրացուցիչ տեղեկատվություն են, բայց ոչ որոշիչ: