Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում՝ 11 երկրներից մոտ 4 հազար զինծառայողների մասնակցությամբ
Լիտվայում երկուշաբթի մեկնարկած Gelezinis Vilkas 2019 - II («Երկաթե գայլ 2019 – II») մասշտաբային զորավարժություններին ավելի քան հազար միավոր մարտական տեխնիկա եւ Հյուսիսատլանտյան դաշինքի 11 երկրներից մոտ 4 հազար զինծառայողներ են մասնակցում: Այս մասին հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մանեւրների նպատակը, որոնց մասնակցում են Լիտվայի ստորաբաժանումները, ինչպես նաեւ անձնակազմն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների տեխնիկան, այդ ուժերի փոխգործակցության ու արդյունավետ ծրագրման եւ մարտական խնդիրների իրականացման միջոցների մշակումն է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնարկած զորավարժություններն ընթացիկ տարվա մանեւրների երկրորդ մասն են: Հունիսին անցկացվել են Gelezinis Vilkas 2019 զորավարժությունները, որոնց մասնակցել են նույն թվով անձնակազմ եւ տեխնիկա:
Զորավարժություններին, լիտվացի զինվորականներից բացի, կմասնակցեն նաեւ Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, ԱՄՆ, Չեխիայի եւ Էստոնիայի զինվորականները։ Նրանց մի մասը մտնում է Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ առաջնային բազավորման խառը գումարտակի կազմի մեջ։
Զորավարժությունները տեղի կունենան Լիտվայի բանակի Պաբրադե քաղաքի (Բելառուսի հետ սահմանին) հրաձգարանում, որտեղ հոկտեմբերին ժամանել է ԱՄՆ Զինված ուժերի գումարտակը, որի կազմում մոտ 500 զինծառայող, 30 Abrams տանկ եւ հետեւակի 25 Bradley մարտական մեքենա կա։ Զորավարժությունների շրջան մշտական տեղակայման վայրերից մեկ այլ զինտեխնիկա է գալիս քաղաքացիական ավտոճանապարհներով՝ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։ Զորավարժությունների հիմնական մասը տեւելու է մինչեւ նոյեմբերի 18-ը։