Վերջին օրերին սահմանին եղել է որոշ լարվածություն, շատ կարճաժամկետ, որը կարգավորվել է. Պնախարար (Տեսանյութեր)
Վերջին օրերին եղել է որոշ լարվածություն, շատ կարճաժամկետ, որը կարգավորվել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին:
«Կարճաժամկետ առումով եղել է լարվածություն եւ ՊԲ-ի ուղղությամբ, եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հրաձգությունների թվաքանակը բավականին բարձր է եղել, հետո նվազել է»,-ասաց նա հավելելով, որ ցանկացած նման միտում չեզոքացվելու է:
Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններին, ասաց, որ չկա այդպիսի բան:
«Ինձ թվում է՝ որոշ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են եւ հասնում վարչապետին, իր մոտ տպավորություն է ստեղծվում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»:
Նախարար նշեց, որ իրեն իհարկե, մտահոգում է, որ որոշ գեներալներ անցնում են այս կամ այն քրեական գործով. «Բայց ես կարծում եմ, որ դա նաեւ որոշակի մեր բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ է պահում»: