«Բավարիայի» հիմնական թեկնածուն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը պատրաստվում է Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիին նշանակել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բավարիան» դեռ Կովաչին հեռացնելուց առաջ կապ է հաստատել Ալեգրիի հետ և բանակցություններ սկսել 52-ամյա իտալացի մասնագետի հետ:
«Բավարիայի» ղեկավարությունն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում քննարկում է նաև Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մյունխենի «Բավարիան» Նիկո Կովաչին հեռացրել է գլխավոր մարզիչի պաշտոնից:
48-ամյա Կովաչը գերմանական թիմը գլխավորում էր 2018 թվականի հուլիսից։ Նրա ղեկավարությամբ «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։