Իշխանությունը ցանկանում է ՍԴ-ն դնել իր անվերապահ հսկողության տակ. Արա Հակոբյան
Ներկայիս իշխանությունը ցանկանում է, որ Սահմանադրական դատարանը լինի իր անվերապահ հսկողության տակ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
«Խնդիրն անձնավորվում է եւ այսօր թիրախ է դարձել Հրայր Թովմասյանը` որպես Սահմանադրական դատարանի նախագահ, բայց ես դրան ավելի ընդհանրական եմ նայում: Ես կարծում եմ, որ եղած իշխանությունը` մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ՍԴ-ն կարեւորագույն դերակատարում է ունենալու մոտակա զարգացումներում` մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիա, եւ ենթադրաբար նաեւ Արցախի շուրջ հնարավոր զարգացումների պարագայում եւ այստեղ իշխանության, Նիկոլ Փաշինյանի համար խիստ կարեւոր է, որ ՍԴ-ի որոշումներն ու ՍԴ-ն, ընդհանուր առմամբ, լինի կանխատեսելի: Նրանք ուզում են դատաիրավական համակարգը, մասնավորապես ՍԴ-ն դնել իրենց անվերապահ հսկողության տակ: Եւ այսօրվա դեպքերն ու զարգացումները, կապված այդ թվում՝ Հրայր Թովմասյանի հետ, այդ համատեքստում եմ դիտարկում»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին են ԱԱԾ հրավիրել, Արա Հակոբյանն ասաց, որ դրան շատ վատ է վերաբերում. «Մենք, կարծես թե, վերադառնում ենք այն ժամանակներին, որտեղ ծնողներն ու զավակները պատասխանատու են իրենց հոր կամ, որդու համար, սա շատ տգեղ երեւույթ էր, եւ բացարձակ անընդունելի»:
Արա Հակոբյանի կարծիքով` Վենետիկի հանձնաժողովի նախագահի կարծիքն էլ է փաստում, որ պետք է զերծ մնալ դատարանների, այդ թվում՝ ՍԴ-ի վրա ճնշումներից, եւ դա իր համար ընդունելի դիրքորոշում է: