Մալայզիան սպառնում է ռուսական ինքնաթիռներ գնել, եթե ԵՄ-ը հրաժարվի իր արմավենու յուղի ներկրումից
Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը Բանգկոկում բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ռուսական ինքնաթիռներ գնել եւ դադարեցնել Եվրոպայից ինքնաթիռների գնումը, եթե Եվրամիության երկրները հրաժարվեն մալայզիական արմավենու յուղի ներկրումից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե դուք նվազեցնում եք կամ սահմանափակում եք ներկրումը, ապա մենք նույն միջոցները կկիրառենք եւ չենք գնի ձեր արտադրանքը: Մենք ռուսական ինքնաթիռներ կգնենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ՀԱԵԱ) գործարար եւ ներդրումային գագաթաժողովի ժամանակ:
Մալայզիան եւ Ինդոնեզիան միջազգային շուկա են մատակարարում արմավենու յուղի մինչեւ 90%-ը: Եթե ԵՄ-ը հրաժարվի ներկրումից, ապա այդ երկու երկրները զգալի վնասներ կկրեն:
Մալայզիայի վարչապետը, որը հայտնի է իր կոշտ ելույթներով, ՀԱԵԱ-ի շրջանակում կազմակերպության բոլոր անդամ պետություններին կոչ է արել հստակ եւ միասնական դիրքորոշում զբաղեցնել տնտեսական եւ կազմակերպության շահերից բխող այլ հարցերի շուրջ: