Իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ գործիքակազմ՝ խախտելով հնարավոր բոլոր կարմիր գծերը. Իշխան Սաղաթելյան
«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր ծնունդն ու հայտն է ներկայացնում մի ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ն դիմադրում է լրջագույն մարտահրավերների թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է մի վարքագիծ, որի արդյունքում գնալով երկրում խորանում է ներազգային անհամերաշխության անդունդը, թունավորվում է երկրի հոգեբանական մթնոլորտը: Գիտակցաբար, թե անգիտակցաբար արշավանք է սանձազերծվել մեր ինքնությունն ամբողջացնող եւ կերտող արժեքների նկատմամբ: Իշխանությանը գործի է դրել ռեպրեսիվ մի գործիքակազմ՝ խախտելով իրավական, բարոյական հնարավոր բոլոր կարմիր գծերը, ներառյալ՝ երկրի սահմանադրական ինստիտուցիոնալ կառույցը:
Սկզբունքների, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, գործողությունների եւ վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը վտանգում են եւ սպառնալիք են մեր ազգային շահի համար»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը: