Ավստրիայում ուժի մեջ է մտել բարերում և ռեստորաններում ծխելու լիակատար արգելքը
Ավստրիայում Բոլոր սրբերի օրը ուժի մեջ է մտել բարերում եւ ռեստորաններում ծխելու լիակատար արգելքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել համապատասխան արգելքին այս տարվա հուլիսին: Դեմ է հանդես եկել միայն Ավստրիայի ազատության կուսակցությունը, որն ավելի վաղ, լինելով երկրի կառավարությունում, կարողացել Էր խոչընդոտել գոստրոնոմիական հաստատություններում ծխելն արգելելու փորձին:
Ավստրիայի աշխատանքի, սոցիալական գործերի եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ արգելքը տարածվում է բոլոր այն հաստատությունների վրա, որտեղ պատրաստում, մշակում, բաժանում եւ ընդունում են ճաշատեսակներ ու ընպելիքներ, այդ թվում այն հաստատություններում, որտեղ հյուրերը կարող են կանգնած օգտվել:
Արգելքը տարածվում է նաեւ էլեկտրոնային ծխախոտի, ինչպես նաեւ ծխելու բուսամթերքների (օրինակ՝ նարգիլե) վրա՝ անկախ դրանց մեջ նիկոտինի կամ ծխախոտի պարունակությունից:
Նախկինի պես ծխել թույլատրվում է բաց հարթակներում, օրինակ՝ փոքրիկ բակերում եւ հաստատությունների բաց պատշգամբներում:
Մինչ օրս ավելի քան 50 քառ. մ մակերես ունեցող ավստրիական բարերում եւ ռեստորաններում թույլատրվում էր ծխել հատուկ գոտիներում, չնայած նրան, որ այդ կանոնը ոչ միշտ էր պահպանվում: Իսկ 50 քառ. մետրից պակաս տարածքով բարերում եւ ռեստորաններում հատուկ գոտի չէր պահանջվում, եթե բարի կամ ռեստորանի տերը դեմ չէր իր տարածքում ծխելուն: Ավստրիայի շատ ռեստորաններ եւ սրճարաններ ավելի վաղ եւս սկսել են իրենց մոտ արգելել ծխելը: