«Շնորհակալ ենք»․ Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Նիկոլ Փաշինյանին
4 տարի առաջ մենք ունեինք երազանք՝ Հայաստանում զարգացնել տեքստիլի ոլորտը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Սարտեքս» ընկերության ֆաբրիկայի բացման ժամանակ իր ելույթում ասաց Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, գրում է «Հրապարակը»:
«Մենք սկսեցինք գուլպաների արտադրությունից, ունեինք ընդամենը 100 աշխատակից, և քանի որ մեզ վստահեցին, և հայկական արտադրանքի պահանջարկը գնալով մեծանում էր, մենք որոշեցինք ընդլայնվել և սկսեցինք հագուստի և գործվածքի արտադրություն՝ ընդլայնելով նաև աշխարհագրական սահմանները»,- նշեց նա՝ հավելելով որ համագործակցում են իտալական ընկերության հետ։
Աստղիկ Ալեքսանյանը շեշտեց՝ հայկական արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում․ «Այսօր արդեն մենք կարող ենք արձանագրել, որ հայկական արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում, և մեզ համար հպարտանալու առիթ է, որ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ և պիտակի վրա կարելի է կարդալ՝ «Արտադրված է Հայաստանում»։ Հարգելի պարոն վարչապետ, Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Դուք խրախուսել եք կրել հայկական արտադրանքը, ինչի համար շնորհակալ ենք։ Այո՛, մեր երկրի զարգացումը պետք է առաջնահերթ լինի բոլորիս համար, մենք կանգ չենք առնելու, մեր և մեր երկրի երազանքները շատ են, որոնք մենք դարձնելու ենք նպատակ, իսկ հետո իրականություն»։