Նոր մանրամասներ Մաշտոցի պողոտայից բուժկենտրոն տեղափոխված երիտասարդի և դանակահարության գործի վերաբերյալ
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանում, հոկտեմբերի 30-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել. Ժամը 22:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բժիշկների խումբը Մաշտոցի պողոտայից «աջ նստատեղի մկանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արման Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա թիվ 5 հասցեի մոտից:
Մինչ բժիշկները առաջին բուժօգնությունը կցուցաբերեին վիրավորին, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Արման Մ.-ին ժամը 21:00-ին դանակով հարվածել է Երեւանի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Կ.-ն, ով ժամեր անց ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կենտրոնի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Էդվարդ Կ.-ն իրավաապահներին հայտնել է, որ ինքը «ԷԿԶՈ» ՍՊԸ-ի տնօրեն է: