Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան. Նիկոլ Փաշինյանը այսօրվա Կառավարության նիստում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևն ընդունելու պատմական փաստին
Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչները պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ. Սա շատ կարեւոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ անշուշտ նոր թափ կհարղորդի այդ գործընթացին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել Սփյուռքում եւ տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ԱՄՆ-ում եւ տարբեր երկրներում:
Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետեւ ԱՄՆ գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում ճանաչել էին Ցեղասպանությունը: Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան»,-ասաց նա:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին, եւ ընդհանրապես Պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել այդ բանաձեւին: