Մեքսիկայում բանտային խռովության ժամանակ 6 մարդ է զոհվել
Մեքսիկայի Մորելոս նահանգի բանտում բանտարկյալների հակամարտող խմբերը խռովություն են բարձրացրել, որը շարունակվել է երեքշաբթիից չորեքշաթի, նրանք մի քանի ժամով իրավիճակի տերն են դարձել եւ պատանդ վերցրել բանտի հսկիչներին, վեց մարդ զոհվել է դանակակռվի ժամանակ, հայտնել են նահանգի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարգը հաստատելու պահին ուղղիչ հաստատության տարածքում զոհվել էր 6 մարդ, եւս երկուսը վիրավոր էին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մորելոս նահանգի կառավարության քարտուղար Պաբլո Օխեդան, նրա ելույթի տեսագրությունը հրապարակել է Sol de Mexico պարբերականը:
Օխեդայի տեղեկություններով, որը հրապարակել է զոհված բանտարկյալների անունները, երկու հանցավոր խմբավորումների կոնֆլիկտում սպանվել է «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռայմունդո Իսիդրո Կաստրոն, որն այս տարվա մայիսին կալանավորվել էր առեւանգումների, մասշտաբային շորթման եւ առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքներով:
Մորելոս նահանգի դատախազ Ուրիել Կարմոնան նշել է, որ զոհված բոլոր բանտարկյալները մահացել են ոչ թե հրազենային վիրավորումների, այլ երկու հակամարտող խմբերի բախումների հետեւանքով ծակած-կտրած վնասվածքների պատճառով:
Կոնֆլիկտի մասին առաջին տեղեկությունները հայտնվել էին երեքշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, երբ նահանգի անվտանգության հարցերով հանձնաժողովը հայտարարել էր կոշիկի գողության պատճառով բանտարկյալների շրջանում ծագած կոնֆլիկտի մասին: Իշխանությունների տեղեկացմամբ՝ երեքշաբթի ժամը 16-ի դրությամբ իրենք վերստին վերահսկողություն են հաստատել հաստատությունում, սակայն անկարգությունները նոր ուժով են վերսկսվել չորեքշաբթի: Երկպառակության ընթացքում բանտարկյալները մի քանի ժամով պատանդ են վերցրել հսկիչներին եւ վերահսկողություն հաստատել բանտի զգալի հատվածում:
Մեքսիկական բանտերում ամեն տարի գրանցվում են խռովություննեը եւ արյունահեղ կոնֆլիկտներ: 2016 թվականի փետրվարին Նուեւո Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում խռովությունը խլել էր գրեթե 50 մարդու կյանք եւ դարձել վերջին տարիներին Մեքսիկայում ամենաարյունահեղը: