Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հայաստան (Լուսանկար)
Հոկտեմբերի 28-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարության ազգային պաշտպանական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, գնդապետ Մամիա Բալախաձեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ի լրատվության ծառայությունից։
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում կայացած այցի առաջին օրը հայկական կողմը ՊՆ վարչական համալիրում հյուրերին ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում եւ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները եւ առաջավոր փորձը:
Այցի շրջանակում վրացական պատվիրակությունը եղել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում, հանդիպել կրթօջախների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն եւ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ժամանակ հյուրերին ներկայացվել են ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության եւ վերապատրաստման, ինչպես նաեւ դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:
Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջեւ ռազմական կրթության ոլորտում համագործակցության ծավալների ընդլայնման եւ առկա փոխգործակցության հետագա խորացման վերաբերյալ: