Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 8,3 դատավոր
Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 8,3 դատավոր, մինչդեռ այլ երկրներում այս ցուցանիշը կազմում է 23: Հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի դատական համակարգը սարսափելի ծանրաբեռնված է գործերի ծավալի մեծացման պատճառով: «2018 թվականի դեկտեմբերի 30-ին դատական համակարգը ստացել է 129 հազար 941 քաղաքացիա-իրավական գործ: Այս տարի, մինչեւ հոկտեմբերի 29-ի տվյալներով, մենք արդեն հասցրել ենք ստանալ 144 հազար 991 քաղաքացիա-իրավական գործ: Այսինքն՝ 15 հազար գործով ավելի ունենք, չնայած առջեւում եւս 2 ամիս կա»,- դժգոհեց Փոլադյանը: