Արգենտինայի նորընտիր նախագահը հաստատեց Ֆոլքլենդների հանդեպ հանրապետության հավակնությունը
Արգենտինայի ընտրված նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը երեքշաբթի շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ընտրություններում հաղթելու շնորհավորանքների համար եւ ասել, որ հարավամերիկյան հանրապետությունը չի հրաժարվելու վիճելի Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների հանդեպ հավակնություններից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհակալ եմ վարչապետ Բորիս Ջոնսոնին շնորհավորանքների համար։ Չհրաժարվելով մեր պահանջից՝ վերադարձնել (կղզիների) ինքնիշխանությունը, մենք կարծում ենք, որ Արգենտինան եւ Մեծ Բրիտանիան պետք է միասին աշխատեն մեր ժողովուրդների միջեւ կապերի սերտացման ուղղությամբ»,- գրել է նա Թվիթերում։
Ֆերնանդեսը նաեւ շնորհակալություն է հայտնել այլ երկրներին շնորհավորանքների համար։ Պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի Արգենտինան «ԱՄՆ-ի հետ կառուցեր հարգանքի եւ փոխըմբռնման վրա հիմնված հարաբերություններ»։
Հոկտեմբերի 27-ին Արգենտինայի քաղաքացիները պետք է ընտրեին բարձրագույն պետական պաշտոնի վեց թեկնածուներից մեկին։ Հաղթանակ տարավ ձախ կենտրոնամետ կոալիցիայի թեկնածու Ալբերտո Ֆերնանդեսը։ Գործող նախագահ Մաուրիսիո Մակրին, որը ներկայացնում էր աջ կենտրոնամետ ուժերը, շնորհավորել է մրցակցին հաղթանակի առիթով։