ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարությունից հայտնում են, որ նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։
Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերի մասին՝ ընդգծելով, որ մեր երկրների միջեւ պատմական ընդհանրություններ կան, որոնք կարող են ավելի ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու համար եւ ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու ճանապարհին Հայաստանի համար առաջնահերթություն է կրթական համակարգի բարեփոխումը, եւ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու այն բոլոր ասպարեզներում, որոնք կծառայեն այդ նպատակին։ Նախարարը նաեւ նշել է, որ Ռումինիան Եվրոպական միության հետ սերտ համագործակցության դարպասներից մեկը կարող է դառնալ։
Արքայազն Ռադուն նշել է, որ արտերկրում կրթություն ստացող ուսանողներն իրենց երկրի յուրօրինակ դեսպաններն են եւ պատրաստակամություն է հայտնել խորացնել գործակցությունը հենց բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում։
Նա ընդգծել է, որ կրթական ու մշակութային կապերի ամրապնդումն անխուսափելիորեն կհանգեցնի նաեւ տնտեսական համագործակցության զարգացմանը։