Անվտանգության մակարդակը Հայաստանի ճանապարհներին ցածր մակարդակի է
Անվտանգության մակարդակը Գյումրիի ճանապարհներին ցածր մակարդակի է։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Հայաստանի ճանապարհների անվտանգության թեմայի քննարկումների շրջանակում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ անվտանգությունը Գյումրիի ճանապարհներին ամենահրատապ հարցերից մեկն է, իսկ խնդիրը մի քանի բաղադրիչներ ունի։
«Այն կապված է տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացման, դրանց անբավարար տեխնիկական վիճակի, ճանապարհների նախագծման եւ հետագա շահագործման հետ։ Բաց է մնում նաեւ ճանապարհային նշումների, նշանների տեղադրման, ճանապարհների լուսավորվածության խնդիրը»,- ավելացրել է նա։
Մարզպետն ընդգծել է, որ ճանապարհների անվտանգության բարձրացման ոլորտի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի եւ պատասխանատու մարմինների ինտեգրված աշխատանքը, ինչը թույլ կտա համալիր լուծել այն։
Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 29-ին ընթանում են քննարկումներ Հայաստանի ճանապարհների անվտանգության վերաբերյալ՝ «Ավելի անվտանգ քաղաքներ. ճանապարհները եւ հետիոտների աջակցությունը Գյումրիում» ծրագրի շրջանակում։