Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո. Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևա
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան:
Պատասխանելով ադրբեջանական գազ գնելու Բուլղարիայի ծրագրերի եւ ղարաբաղյան հակամարտության հարցով երկրի դիրքորոշման մասին հարցերին՝ նախարարը նշեց, որ դա կարեւոր ծրագիր է:
«Բուլղարիան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Կայունությունը, բարօրությունը, տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորումն առաջնահերթություններ են ԵՄ-ի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ուղին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ երկխոսությունն է:
Տարածաշրջանում շատ սառեցված հակամարտություններ կան: Դա մարդկանց անվտանգության հարցն է և օրակարգի առաջին կետը: Շատ կարեւոր է դրանք լուծել բանակցությունների ճանապարհով՝ չսահմանափակելով տնտեսական զարգացումը: Ղարաբաղյան հակամարտության դեպքում միակ միջոցը ԵՄ աջակցությամբ եւ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կարգավորումն է:
Մենք հատուկ մոտեցում ունենք Հարավային Կովկասի նկատմամբ»,- նշեց նախարարը: