2019-ին տնտեսական աճի բարձր ցուցանիշը պայմանավորված է ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներով. ֆիննախ
2019-ին համեմատաբար բարձր տնտեսական աճը պայմանավորված է ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում աճի տեմպերով: Այս մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը շարունակում է ունենալ նույն վարքագիծը, իսկ շինարարությունը քիչ մասնակցություն է ունենում տնտեսական ակտիվության աճին:
«2019-ին ակնկալվում է 6,3% տնտեսական աճ: Իհարկե, միշտ կարելի է լավատեսական սցենարով գնալ, սակայն բյուջեն գործիք է, որը լուծում է կոնկրետ ուղղությունների զարգացման հարցերը»,- ասաց նախարարը:
Միևնույն ժամանակ, Ջանջուղազյանը նշեց, որ 2020-ի համար կանխատեսվող 4,9% աճն իշխանություններից լրացուցիչ ջանքեր կպահանջի:
Ըստ Ջանջուղազյանի՝ սպասվում է, որ Հայաստանում միջին ինֆլյացիան մոտ ժամանակում կկազմի մոտ 2 տոկոս:
Նրա խոսքով՝ որոշ փոփոխություններ են սպասվում նաև արտաքին առևտրի և ծառայությունների ոլորտներում, արտահանման աճի տեմպերի 10,9 տոկոս և ներմուծման աճի՝ 6,8 տոկոս: «Ինչ վերաբերում է 2020 թվականին հարկային մուտքերին, ապա դրանք կհասնեն 1 տրլն 602 մլրդ դրամի, ինչը 0,3 տոկոսային կետով բարելավում է»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ եկամուտների և ծախսերի տեսակետից նախատեսվում է մոտ 0,6 տոկոսի պակասուրդ:
Ջանջուղազյանը նաև հավաստիացրեց, որ չեն լինի վարկեր, որոնք կապվա չեն որևէ կոնկրետ թիրախային ծրագրի հետ: