Հոկտեմբերի 27-ը այն գործերից է, որտեղ հարցերը կմնան. Վլադիմիր Վարդանյան
«Հոկտեմբերի 27»-ի ողբերգական իրադարձությունները էապես փոխել են Հայաստանի սահմանադրական զարգացման ուղղությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Իրականում շատ խնդիրներ, որ առկա են այսօր Հայաստանում սահմանադրական զարգացման ուղղության մեջ, գալիս են հոկտեմբերի 27-ից։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները բեկումնային պահ էին Հայաստանի ժողովրդավարական զարգացման մեջ, և այն իրավիճակը, որ ձևավորվել էր 1999-ի մայիսից մինչև հոկտեմբեր, իրոք դասական, ժողովրդավարական, սահմանադրական մոդելի առումով զարգացման կարևորագույն ուղենիշ էր նշմարում։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ից հետո. այն սահմանադրական գործընթացները, որ պետք է զարգանային Հայաստանում, որոշակի առումով ձևախեղվեցին։ Հայտնի է, որ հանցագործությունից անմիջապես հետո կատարողները ձերբակալվեցին, ենթարկվեցին պատասխանատվության, կազմակերպիչների մասով գործից մաս առանձնացվեց և մինչ օրս այդ ուղղությամբ բացահայտումներ չկան»,-ընդգծեց Վարդանյանը։