Վարչապետն այցելել է Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարարի ընտանիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։
Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։