Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցելու հարցը հայտնի պատճառներով չի լինի օրակարգում
Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցելու հարցը հայտնի պատճառներով չի լինի օրակարգում: Այս մասին հոկտեմբերի 24-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի շրջանակում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ միությունը բաց է համագործակցության համար, ինչի մասին վկայում են Սինգապուրի եւ Իրանի հետ կնքված համաձայնագրերը: «Այդ գործընթացները շարունակական բնույթ կկրեն»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ, Զատուլինը համոզմունք է հայտնել, որ ԱՊՀ-ի «մահվան» մասին լուրերը չափազանցված են: «Հետաքրքրություն կա, ինչի մասին վկայում են ԱՊՀ աշխատանքներին Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությունը, որը, ինչպես հայտնի է, մի շարք համաձայնագրեր է չեղյալ հայտարարել: Դա խոսում է այն մասին, որ կյանքը համագործակցություն է պահանջում՝ չնայած քաղաքական իրավիճակին»,- նշել է պատգամավորը:
Նա նաեւ հետաքրքրություն է հայտնել ընդհանուր վիզային տարածք ստեղծելու գաղափարի նկատմամբ, ինչի մասին Թուրքմենստանում հայտարարել է Ղազախստանի նախագահը, հավելելով, որ հեռանկարային ուղղություն կարող է լինել նաեւ ԱՊՀ քաղաքացիության սահմանումը:
Պատգամավորը նկատել է, որ ԵՏՄ-ում Ռուսաստանը հատուկ դեր ունի, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ ինտեգրումը շվեդական սեղան չէ, որտեղ կարելի է ընտրողական մոտեցում կիրառել: «Գործընթացները փոխգործակցություն եւ խոչընդոտների վերացման համար մեխանիզմների ստեղծում են պահանջում: Այդ ամենը կապ ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական հարցերի հետ: Ռուսաստանը ոչ մի երկրի ոչինչ չի պարտադրում, սակայն գնահատականներ է տալիս գործընկերների այս կամ այն գործողություններին»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստ տեղի կունենա, որի օրակարգում 13 հարց կա, ներառյալ՝ թվայնացման եւ անվտանգության ռազմավարության հարցերը: