Ճապոնիայի գյուղատնտեսությանը «Հագիբիսի» հասցրած վնասը գերազանցում է 902 մլն դոլարը
Ճապոնիայի գյուղատնտեսության եւ ձկնային տնտեսության կրած վնասը հոկտեմբերին «Հագիբիս» թայֆունից հասնում է գրեթե 98 մլրդ իենի (ավելի քան 902 մլն դոլար)։ Այս մասին տեղեկացրել է ազգային հանրային հեռուստատեսությունը, որն ամփոփել է ճապոնական 38 տուժած շրջանների տվյալները։ Վնասի չափը, այդ գնահատականներով, կաճի փրկարարորոնողական աշխատանքներին զուգընթաց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հագիբիս» թայֆունը, որն սկսվեց հոկտեմբերի 12-ին եւ շարունակվեց մինչեւ հոկտեմբերի 13-ը, վնաս է պատճառել 7 հազար գյուղատնտեսական օբյեկտի, բրնձի դաշտերի եւ մրգատու այգիների։ Զգալիորեն տուժել են ձկնորսական նավահանգիստները, ծովամթերք մշակող մերձափնյա ֆաբրիկաները։
Զոհվածների ցուցակում նշվում է 84 մարդ, տասը մարդ համարվում է անհետ կորած։ Տարհանման կետերում գտնվում է մոտ 4 հազար փախստական։ Հինգշաբթի օրվա դրությամբ առանց ջրի են մնացել մոտ 29 հազար բնակարան եւ մասնավոր տուն, չնայած դրանց թիվը կրճատվում է վերականգնողական աշխատանքներին զուգընթաց։
Ճապոնիայի 20 շրջաններ տուժել են սողանքներից, 71 գետերի վրա 139 վայրերում քանդվել են մերձափնյա եւ պաշտպանական կառույցները։