Կառավարությունն ընդլայնեց ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության մրցույթի մասնակցության շրջանակը
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց ՊՈԱԿ-ների եւ 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» որոշման մեջ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հնարավոր լինի ընդլայնել մրցույթին ցանկություն հայտնած անձանց շրջանակը և հնարավորություն ընձեռնել հանրային ծառայության և համապատասխան բնագավառի ստաժ ունեցող անձանց մասնակցությունը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթին:
Համապատասխան որոշման հավելվածի համաձայն բաց մրցույթ հայտարարելու նպատակով անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, որով «ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժը կփոխարինվի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժով, կամ համապատասխան բնագավառի երեք տարվա աշխատանքային ստաժով»:
Այս որոշումն ընդունելու արդյունքում ակնկալվում է ընդլայնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի մասնակցության շրջանակը: