Բարսելոնայում ցույցերն անկարգությունների են վերածվել
Կատալոնիայում տարածաշրջանի անկախության աջակիցների բողոքի տարբեր ակցիաների ժամանակ առնվազն 89 մարդ է տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Pais-ին: Ըստ տեղեկությունների՝ տուժածների մեծ մասը՝ 60 մարդ, վնասվածքներ է ստացել Բարսելոնայում: Ձերբակալվել է ավելի քան 30 մարդ:
BBC-ի տեղեկություններով՝ Կատալոնիայում բողոքի ակցիաների 5-րդ օրը անկարգություններ են սկսվել, Բարսելոնայում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Քաղաքի փողոցներ են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ:
Մարդիկ բողոքում են Իսպանիայի Գերագույն դատարանի որոշման դեմ, որը Կատալոնիայի անկախության համար շարժման 9 առաջնորդի ազատազրկման է դատապարտել:
Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել: Ցուցարարներն արգելափակել են մոտ 20 հիմնական տրանսպորտային երթուղիներ, ինչպես նաեւ դեպի հարեւան Ֆրանսիա տանող АР-7 մայրուղին:
Օրվա ընթացքում ցույցերը խաղաղ բնույթ են կրել, սակայն երեկոյան իրավիճակը սրվել է: Դիմակներով ցուցարարները, հիմնականում երիտասարդությունը, բախումներ են սկսել ոստիկանների հետ՝ նրանց ուղղությամբ քարեր, ձվեր եւ շշեր նետելով:
Զանգվածային ցույցերի պատճառով հետաձգվել է «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլային հանդիպումը, քանի որ իշխանությունները մտավախություն ունեն, որ ստադիոնում անկարգություններ կհրահրվեն:
Իսպանիայի ՆԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Կատալոնիայում ցույցերի ժամանակ բռնություն կիրառած ցուցարարներին մինչեւ 6 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: Նրա խոսքով՝ երեկ երեկոյան Բարսելոնայում ոստիկանության շտաբ-բնակարանի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ մոտ 400 լավ կազմակերպված ցուցարարների միջեւ: