Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձևավորված չէ. Ավետիք Իշխանյան
Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձեւավորված չէ, որ ես մտածեի՝ արտահերթ ընտրություններում այս իրավիճակը կհանգուցալուծվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով, այսօր բավականին մեծ վարկանիշ ունեցող քաղաքական ուժ կա եւ նրան աջակցող հսկայական զանգված. «Շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը դրական քայլեր ձեռնարկեր: Այդուհանդերձ հասարակությունը, անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ համակրանքներից, պետք է դիմադրեն դատական համակարգի դեմ ոտնձգություններին»,-ասաց նա:
Անդրադառնալով եվրոպական կառույցներին, Իշխանյանն ընդգծեց. «Մենք շատ ենք գերագնահատում միջազգային կառույցներին: Նրանք հաճախ չեն հակադրվում իշխանություններին: Եսիմինչ դեպք պետք է լինի, որ հակադրվեն, վկան Վենետիկի հանձնաժողովի վերջին որոշումը: Իհարկե, եթե չլինեին եվրոպական կառույցները, մեր վիճակն ավելի վատ կլիներ, նրանք ինչ-որ զսպիչ դեր են կատարում»:
«Մեր դատավորների, ընդհանրապես հասարակության մեծ մասի մեջ գիտակցում կա, որ պետք է իշխանությանը ծառայել:
Երբ այդ նույն շղթայի քննիչները գործեր են հարուցել այն ժամանակ «Մարտի 1»-ի հետ կապված այն ժամանակվա ընդդիմության դեմ, հիմա այդ նույն մարդիկ գործեր են հարուցում այն ժամանակվա իշխանության նկատմամբ: Այդ նույն մարդիկ այն ժամանակ սրիկաներ էին, այսօր հերոսներ են: Նույնը վերաբերում է դատարաններին:
Ես մի փոքր հուսահատված եմ, որովհետեւ անկախ դատական համակարգ ունենալու պահանջը չունի ոչ հասարակությունը, ոչ իշխանությունը: Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, թե դա ինչպես կկատարվի, ԲԴԽ-ի ընտրությունը ցույց տվեց, թե դա ինչպես կկիրառվի»,-ընդգծեց Իշխանյանը: