Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ. Տեսչական մարմնի պարզաբանումը
Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետեւանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ վթարը վերացվել է։
«Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:
Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետեւանքների վերացման աշխատանքներ։
Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:
Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ»,–նշում են տեսչական մարմնից: