Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը
Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների եւ համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել եւ քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հոդվածներ 230-240-ով ամրագրված դրույթների իրականացմանը եւ ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցերը: Քննարկվել են նաեւ «շամպայն» եւ «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները եւ այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաեւ աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների առնչությամբ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։
Նիստի ընթացքում կողմերը ընդունել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները եւ ձեւավորել երկկողմ հարցման կետեր:
Լրացուցիչ տեղեկատվություն
2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ կնքվել է «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որի հիմնական դրույթները ժամանակավորապես ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։
Համաձայնագրի 240-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Աշխարհագրական նշումների ենթակոմիտե։ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստերը կայանում են առնվազն տարին մեկ անգամ` երկկողմ նախնական պայմանավորվածության հիման վրա։