Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին. Քննարկել են երկրում նորարարությունների կիրառման հարցեր
Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարեգործ Նուբար Աֆեյանին:
Զրուցակիցները կարեւորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման եւ երկրում նորարարությունների կիրառման հարցեր: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել արհեստական բանականությանը եւ Հայաստանի` այս ոլորտում առաջատար երկիր դառնալու հնարավորություններին:
Քննարկվել է նաեւ հայության գիտական ներուժի, մասնագիտական հմտությունների եւ գործարար ցանցի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման: