Կապանում տունը մնացել է սողանքի տակ. ներսում ծեր ամուսիններ են, չգիտենք՝ ողջ են, թե ոչ. Ցոլակյան (Տեսանյութ)
Կապանում առավոտյան սողանքի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել. խրճիթի նման տուն է եղել, սողանքը ծածկել է այդ տունը, որի մեջ ծեր ամուսիններ կան: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Հիմա այնտեղ հողային աշխատանքներ են իրականացնում, մաքրում են: Թե այդ մարդիկ ողջ են, թե ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի: Ասացին՝ շարժվող սողանք է, կարող է էլի մի քիչ գա, դրա համար տրակտորով դիմացը մաքրում են»,-ասաց նա:
Հիշեցնենք, ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, արտակարգ դեպք է գրանցվել Կապանում. սողանքի հետևանքով երկհարկանի տունը փլուզվել է, ներսում կան քաղաքացիներ:
Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է: