Ադրբեջանի ԱԳ նախարարը «չի մտաբերում» հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների մուտքը Բաքու արգելելու սկանդալներ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «չի մտաբերում» հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների մուտքը Բաքու արգելելու սկանդալներ: Նա այս մասին հայտարարել է «Իզվեստիայի» հետ հարցազրույցում:
Պարբերականը հիշեցրել է, որ 2018 թվականի ամռանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագեց դիվանագիտական սկանդալ: Էթնիկ հայուհի 81-ամյա Օլգա Բարսեղյանը, որը վերապրել է Լենինգրադի բլոկադան, օդանավով Բաքու էր ժամանել, բայց նրան օդանավակայանից դուրս գալ չէին թույլատրել եւ երկրից վտարել էին: Ադրբեջանական իշխանությունները սա պատճառաբանել էին այն հանգամանքով, որ նրա համար, որպես հայուհու, Ադրբեջանում անվտանգ չի լինի: Միջադեպը հարուցել էր ՌԴ ԱԳՆ-ի վրդովմունքը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք հիմա՝ 1,5 տարի անց, հաջողվե՞լ է այս կոնֆլիկտը կարգավորել, կամ՝ կարելի՞ է ասել, որ ՌԴ հայազգի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու պրակտիկան նորմա է դարձել, ադրբեջանցի նախարարը հայտարարել է. «Ես այդ կոնֆլիկտին տեղյակ չեմ, ինչ-որ չեմ մտաբերում: Դա երբեմն արվում է փիառի տեսակետից. հայկական ծագմամբ մարդիկ գիտեն այս հարցի ամբողջ զգայունության մասին: Մենք ասում ենք՝ եթե կան հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք ցանկանում են գալ Ադրբեջան… ի սեր Աստծո: Բայց նրանք պետք է նախապես տեղեկացնեն նվազագույնը մեր դեսպանությանը, որովհետեւ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունենք, բայց նախօրոք ստացած տեղեկությունը մեզ թույլ կտա որեւիցե էքսցես բացառել՝ հաշվի առնելով գոյություն ունեցող հակամարտության նկատմամբ Ադրբեջանում էմոցիոնալ ֆոնը: Մենք մշտապես ռուսական կողմի հետ այս թեմայով բավականին անկեղծ ենք խոսում»: