Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 14-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին։
Նախարարն իր ելույթում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ապահովել արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացում, որի բաղկացուցիչ մասն է կազմելու Էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրումը:
Նախարարի խոսքով՝ դրա նպատակն է միավորել արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները, արդիականացնել դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, դրանց հիման վրա դատարաններում ներդնել եւ գործարկել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, ստեղծել իրավապահ դատական եւ իրավակիրառ մարմինների միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, ներդնել պաշտոնական առցանց նամակագրության համակարգ, ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում, ինչպես նաեւ ապահովել թվային արխիվների ստեղծումը:
Նախարար Բադասյանը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը չի շրջանցել Հայաստանի պետական կառավարման եւ արդարադատության ոլորտները: Եվրոպական միության, USAID- ի, ՄԱԶԾ-ի, Համաշխարհային բանկի եւ միջազգային այլ դոնորների աջակցությամբ մշակվել եւ գործարկվել են էլեկտրոնային հարթակներ եւ համակարգեր, որոնցից են www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, Արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը նպաստող www.e-hotline.am կայքը, ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթերի վավերականությունը ստուգելու նպատակով ստեղծված www.e-verify.am միասնական կայքը, www.e-notary.am –ը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով գործարկված www.azdararir.am հարթակը եւ այլն:
Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ թվային դարաշրջանում առկա նոր մարտահրավերներին զուգահեռ՝ թվայնացումը հսկայական օգուտ է տալիս. ստեղծված էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունները պայքարում են կոռուպցիայի դեմ եւ պարզեցնում են վարչարարությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Տպել