Գագիկ Խաչատրյանը մի քանի օր ԲԿ-ում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է կալանավայր
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մի քանի օր հետազոտվելուց հետո երեկ երեկոյան տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:
Նշենք, որ խաչատրյանը նախքան կալանավորվելը բուժում էր ստանում Գերմանիայում։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։
Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։