Ինչպես ավելի լավ օգնել Սիրիայի հայկական համայնքին. փորձագետի կարծիք
Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանի հայ բնակչության անվտանգության հարցը կարող է լուծում գտնել միայն Հայաստանի եւ տեղի հայ համայնքի կազմակերպության ուժերի միավորմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 14-ին ասաց Երեւանի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի հայ-քրդական հարաբերությունների գծով փորձագետ Սարգիս Գրիգորյանը։ Ինչպես նշեց փորձագետը, ստեղծված իրավիճակի բարդությունը եւ անկանխատեսելիությունը պահանջում են առավելագույն զգուշություն եւ օպերատիվ արձագանքում։ «Սիրիայի հայկական համայնքը եւ Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնեցնեն բոլոր գործողությունները իրենց հայրենակիցների անվտանգության ապահովման համար եւ նախապես ձեռնարկեն միջոցներ նրանց տարհանումն իրականացնելու նպատակով՝ իրավիճակի սրման դեպքում»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը Սիրիայի հայ բնակչության ապահովման հարցով բավական կշռադատված էր եւ համապատասխանում էր ինչպես Հայաստանի պետական, այնպես էլ տեղի համայնքների շահերին, քանի որ Սիրիան բազմադավան եւ բազմազգ երկիր է, որտեղ հայ բնակչությունն ունի իր նշանակությունն ու կարգավիճակը։ «Սիրիայի վերաբերյալ Հայաստանի բոլոր հայտարարությունները կամ գործողությունները պետք է համաձայնեցնել տեղի համայնքի հետ, որպեսզի չվնասենք մեր հայրենակիցներին»,- ընդգծել է Գրիգորյանը։ Այս համատեքստում փորձագետը նաեւ նշել է, որ Սիրիայում հայկական ռազմական առաքելության անհրաժեշտություն չկա, քանի որ 2019 թվականի փետրվարից Հայաստանն այդ երկրում մարդասիրական առաքելություն է իրականացնում։ «Բացառում եմ, որ գերտերություններից որեւէ մեկը կարող է անգամ առաջարկել Հայաստանին նման մասնակցություն»,- ասել է Գրիգորյանը։