Ձորը գլորված կցորդիչից 19 օր է՝ գազ է արտահոսում․ Կապան-Քաջարան ճանապարհին հերթապահությունը շարունակվում է
Կապան-Քաջարան ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կցորդիչից, որ սեպտեմբերի 23-ին գլորվել էր ձորը, դեռ շարունակում է գազ արտահոսել, 2 փրկարարի և ոստիկանության Կապանի բաժնի 2 աշխատակցի կողմից հերթապահությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Պարզվել Էր, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տ) տեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը:
Փրկարարները հոսանքազրկել էին բեռնատարը և սահմանել հերթապահություն:
Ժամը 01:06-ին «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Աղմադ Ռ., ծնված 1985 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) բախվել էր դեպքի վայրում հերթապահություն իրականացնող, կայանած «ԿամԱԶ» մակնիշի հրշեջ ավտոմեքենային. «Mercedes» մակնիշի բեռնատարի ուղևորը՝ Իրաժ Գ.-ն (ծնված 1985 թ.), տեղափոխվել էր Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության: