Ռումինիայի խորհրդարանում ամեն տարի հիշում են Սումգայիթում հայկական ջարդերի զոհերին. Վարուժան Ոսկանյան
Ռումինիայում հայերը բարձր հեղինակություն ունեն: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է երկար տարիներ Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր եղած, գրող, նախկին նախարար Վարուժան Ոսկանյանը:
«Ուզում եմ ասել, որ իմ աշխատասեղանին միշտ դրված էր Հայաստանի դրոշը: Եվ պետք է ասել, որ ոչ ոք դեմ չէր, որովհետեւ Ռումինիայում հայերը բարձր հեղինակություն ունեն»,- նշեց Վարուժան Ոսկանյանը: Նա հայտնեց, որ ավագ սերնդի շրջանում ընդունված էր պարզել, թե ով ծագումով որտեղից է: «Դե, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս արցախցիներ ենք»,- նշեց Ոսկանյանը:
Վարուժան Ոսկանյանը հիշեցրեց, որ հիմա Ռումինիայի խորհրդարանում երեք հայ պատգամավոր կա: «Մենք լոբբիստներ չենք, բայց ձգտում են եվրոպական կառույցներում մեր ազդեցությունը մեծացնել եւ օգտագործել ադրբեջանական ազդեցության չեզոքացման համար: Եվ մենք ամեն տարի հիշում ենք Սումգայիթում հայկական ջարդերի զոհերին»,- նշեց Ոսկանյանը՝ կոչ անելով օրինակ վերցնել հրեաներից եւ մշակույթի միջոցով աշխարհում տարածել Ցեղասպանության եւ Արցախի մասին տեղեկությունները: «Մենք հարգում ենք ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը, եւ այդպես էլ պետք է լինի. ոչ թե պատերազմ, այլ խաղաղ կարգավորում: Բայց ոչ ոք չպետք է մոռանա, այլ որպես սուրբ պարտականություն հիշի ինքնորոշման իրավունքի մասին եւ ամբողջ աշխարհին ասի, որ հայրենի արցախյան հողում պետք է հաղթի ինքնորոշման իրավունքը»,- ընդգծեց Վարուժան Ոսկանյանը: