Մենք ճանաչել ենք Արցախի ինքնիշխանությունը և դրանով հաստատել, թե որքան կարևոր է Կալիֆոռնիայի և Արցախի միջև փոխհարաբերությունների ձևավորումը. Էնթոնի Պորտանտինո
ԱՄՆ-ում մենք շատ ենք հպարտանում մեր ժողովրդավարության, թե որքանով ենք աջակցում ամբողջ աշխարհում ժողովրդավարական ինքնորոշմանը, բայց այսօր աշխարհը կորցնում է այդ ուշադրությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է Կալիֆոռնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն:
Նա հիշեցրել է, որ Կալիֆոռնիայի Սենատում կա Հայաստան-Արցախ-Կալիֆոռնիա մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների հանձնաժողով. «Մենք ճանաչել ենք Արցախի ինքնիշխանությունը և դրանով հաստատել ենք, թե որքան կարևոր է Կալիֆոռնիայի և Արցախի միջև փոխհարաբերությունների ձևավորումը:
Մայր Թերեզան ժամանակին ասել է՝ երբ ինձ ասում են՝ իմ ջանքերը ընդամենը մի կաթիլ են օվկիանոսի մեջ, ես պատասխանում եմ՝ արդյոք այդ մեկ կաթիլը քիչ է: Ժողովրդավարությունը հենց այդ մեկ կաթիլն է, իսկ Արցախը այն մասնիկն է, որ շարունակում է աճել:
Ես պատիվ ունեմ ներկայացնել Կալիֆոռնիայի այն շրջանը, որը ճանաչել է Արցախը: Ուզում եմ ասել, որ Կալիֆոռնիան ձեզ հետ է, մենք ձեր կողքին ենք»,- ընդգծել է նա: