Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական էլիտաները պատրաստ չեն փոխզիջումների. Վլադիմիր Ժարիխին
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական էլիտաներն առայժմ պատրաստ չեն փոխզիջումների, որոնք կարող են հանգեցնել որևէ համաձայնագրի կնքման ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 11-ին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, «Ուկրաինա» ամսագրի (հրատարակվում է Մոսկվայում) խմբագիր Վլադիմիր Ժարիխինը։
Նա նշել է, որ, անշուշտ, դրական փաստ է համեմատական խաղաղության պահպանումը։ «Հակամարտությունում ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, եւ չի կարելի ասել, թե ինչ-որ մեկը միանշանակ ճիշտ է, ինչ-որ մեկն էլ՝ սխալ»,- ընդգծել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր կողմից գործադրում է բոլոր ջանքերը միջնորդական գործառույթների կատարման համար, բայց հակամարտող կողմերը հաճախ նրան դժգոհություններ են ներկայացնում։
Վլադիմիր Ժարիխինը հայտարարեց նաև, որ Աբխազիայի միջով երկաթուղու բացման հարց է աստիճանաբար հասունանում: Նրա խոսքով՝ անհնար ոչինչ չկա, եւ այսօր խողովակաշարի տեսքով նման ճանապարհ կա, որով գազ է մատակարարվում դեպի Հայաստան, ինչից կշահի նաեւ Վրաստանը՝ նույն գներով ռուսական գազ ստանալով:
«Սակայն հարցը բեռնափոխադրումներն են, քանի որ տվյալ երկաթուղով ուղեւորների փոխադրումն ավելի դժվար է»,- նշեց նա: