Էկոնոմիկայի փոխնախարարները ՀԲ թիմի հետ քննարկել են միջազգային դոնորների համայնքի հետ համագործակցության ձևաչափը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը հանդիպել են Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակության հետ՝ քննարկելու Բանկի հետ համագործակցության շրջանակը։
Ավագ Ավանեսյանը շնորհավորել է Սեբաստիան Մոլինեուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։
Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաջընթացը եւ ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր։
Նաիրա Մարգարյանն անդրադարձել է փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, հյուրերի խնդրանքով ներկայացրել որոշ մանրամասներ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ քննարկվել է նաեւ զարգացման ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքը, այդ համատեքստում միջազգային դոնորների համայնքի հետ համագործակցության ձեւաչափը։ Անդրադարձ է եղել ռազմավարություններում առկա հաշվարկների իրականացման հարցերին։